ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Եղեռնահամ հրաշապատումներ Սուրբ երկրից

Եղեռնահամ հրաշապատումներ Սուրբ երկրից
24.04.2009 | 00:00

ԵՂԵՌՆԱՊԱՏՈՒՄ
(սկիզբը` նախորդ համարում)
Այդ ասված գյուղը ոտքով մեզանից երեք օրվա ճանապարհ էր, ես էլ մի խեղճ ու հալածված, դեռ ջահել կինարմատ: Բայց ինձ անդադար հույս էր տալիս այն միտքը, որ Աստված լսել է իմ աղոթքը և անպայման մի ելք ցույց կտա: ՈՒ մի օր էլ, չհամբերելով ու ամեն զգուշություն մոռանալով, մոլլային ասացի, որ աղջկաս տեղը իմացել եմ և ուզում եմ գնալ նրա հետևից: Նա, իհարկե, բարկացած հակառակվեց, որովհետև վտանգը մեծ էր, բայց երկար թախանձանքներից հետո մի երկտող գրեց այդ գյուղի շեյխին, որ երեխային վերադարձնեն, այլապես սպառնում էր նրանց բոլոր երիտասարդներին բանակ քշել: ՈՒ ինձ հետ էլ երեք թուրք ծառաներ դնելով, ճանապարհ ընկանք: Ու քանի որ ցերեկները քայլում էինք, իսկ գիշերները մի տեղ բաց երկնքի տակ հանգստանում, նրանք կրակ վառելով ու մորթիների մեջ փաթաթվելով` քնում էին կրակի շուրջը, իսկ ես նրանցից հեռու, մի տեղ կծկված, նստում էի ամբողջ գիշեր: Նրանք երբեմն զարթնելով ու տեսնելով, որ ես արթուն եմ, կանչում էին կրակի մոտ, որ ես էլ պառկեմ քնեմ, ես պատասխանում էի, որ երեխայիս կարոտից քունս չի տանում, որը, իհարկե, ճիշտ էր, բայց և երեք թուրք տղամարդու հետ գիշերը բաց երկնքում մնալու հետևանքներն էլ էի հասկանում: Եվ այդպես երեք գիշեր արթուն մնալով ու ամբողջ օրը քայլելով, հասանք այդ գյուղը: Երբ տանտիրոջը տեսանք և ասացինք մեր գալու նպատակը, նա սկզբում զարմանքից ապշեց, հետո հոխորտաց ու սպառնաց, բայց երբ մոլլայի նամակը տվեցինք` կարդաց, հասկացավ, որ դիմադրելն անօգուտ է, կնոջն ասաց, որ աղջկան դաշտից տուն կանչի: Մինչ նա կգար, ես սրտատրոփ ճանապարհին էի նայում և ուզում էի պատկերացնել, թե հինգ ու կես տարի հետո, մարալի դեմքով աղջիկս տեսնես ինչպիսի՞ն է դարձել հիմա:
Հեռվում մի նախիր երևաց, կովերի առջևից, երկար մահակը ձեռքին, պատառոտված ու կեղտոտ շրջազգեստը հագին, մազերը խռիվ ու թաղիքի պես իրար կպած, արևից սևացած դեմքով, քունքերին ու կզակին դաջվածքով մի աղջիկ էր գալիս: Ես սպասում էի, որ նրանից հետո Արագոս կգա կտեսնեմ, բայց երբ նա ավելի մոտեցավ, աչքերից հասկացա, որ այդ աղջիկը հայ է... ու իմ ազիզ բալեն՝ Արագոս է: Կեղտոտ ու լայն բացված ոտքերի մատներով քարերին կառչած կանգնած, աշխարհի վախից, թրքի ու քրդի դաժանությունից վայրենացած, լո՜ւռ ինձ էր զննում, կարծես ինչ-որ մեկի հետ մտքում համեմատելով: Երբ նրան փախցրին, նա հազիվ հինգ տարեկան լիներ և դժվար թե ինձ հիշեր, բայց թե հիմա ում հետ էր համեմատում, միայն Աստված գիտեր: Այո՛, միայն Նա՛, որովհետև մի քանի օր հետո իմացա, որ անքննին Աստված, երբ մենք դեռ ճանապարհին էինք, նրան երազով հայտնել էր, որ մայրդ գալիս է: ՈՒ հիմա էլ իր երազում տեսած մորը համեմատում էր ինձ հետ, որովհետև խիստ կասկածամիտ էր դարձել մարդկանց հանդեպ, մանավանդ մայր կոչվածների, քանի որ այդ քրդի կինը, որի տանը նա ծառայում էր, երկու անգամ նրան ցամաք ջրհորն էր գցել, որ մեռնի, բայց ինչ-որ ներքին ձայնի հնազանդվելով հանել է, որ հանկարծ հայի Աստվածը իր միակ տղին չզարկի: Իսկ մի քանի անգամ էլ դիվական մղումով ուզեցել է աղջկաս խեղդել, բայց երբ ճիվաղային ձեռքերը սկսել են ագուցվել աղջկաս նիհար պարանոցի շուրջը, նույն հայի Աստծո անհայտ զորությունը, որը հրամայել էր աղջկաս ջրհորից հանել, սաստել էր, որ ձեռքերը հետ քաշի աղջկաս պարանոցից: Այդ բոլորը ես հետո իմացա, երբ արդեն տանն էինք, բայց հիմա, երկուսս էլ քարացած ու անձայն միմյանց էինք զննում, կարծես սպասելով, որ եղեռնահամ և դաժան տարիների մաղձն ու դառնությունը տարրալուծվեր կարոտի ու մայրական սիրո հորձանուտի մեջ: Քուրդն ու իր կինը նույնպես կանգնած սպասում էին, թե ինչ կանի աղջիկը, կմոտենա՞ այդ անծանոթ ու անբացատրելի հոգեվիճակում կարկամած կնոջը, թե վախեցած իր անկյունը կքաշվի: Եվ ես կամացուկ ու հայերեն, որ նրանք չիմանան, որ հայ եմ, ասացի. «Արագո, ձա՜գս, հոս եգուր...», ու ձեռքով էլ նշան արեցի, որ մոտ գա, որովհետև գիտեի, որ դեռ նոր թոթովելով, գաղթի մահակուլ ճանապարհին լսած, հառաչանքով ու արցունքով շաղախված մի քանի հայերեն բառերը արդեն մոռացած կլինի: Նա համրաքայլ մոտենալով, լո՜ւռ ու երկար, համարյա անթարթ, աչքերիս նայե՜ց, նայե՜ց և գլուխը կարոտով, այնքա՜ն ծանոթ, գորովալից ու իրեն սնող կրծքիս դրեց... Հանկարծ քրդի կինը ձեռքերը փեշերին զարկելով ճիվաղաձայն ծղրտաց. «Գյավո՜ւր է, գյավո՜ւր է, էս հա՛յի կնիկ է»: Բայց մինչ նա այդ լուրը կհասցներ տարածել գյուղում, ինձ հետ եկած թուրք տղամարդիկ, ահագնալից հայացքով քրդին հասկացրին, որ եթե կնոջը չսաստի, ապա վատ բան է սպասվում նրա ընտանիքին: Նա էլ տեղից վեր կենալով, մի լայն ու կտրուկ այնպես ապտակեց կնոջ դեմքին, որ նա ոչ այնքան ցավից, այլ ամուսնու ահից, որ մյուս հարվածը արդեն մահացու պիտի լինի, տեղում կծկվեց ու մնաց սսկված:
Հետդարձի ճանապարհին, մինչև գյուղի ծայրը, միայն այդ նույն քրդի կինն էր մեզ ուղեկցում, արցունքը աչքերին անընդհատ մի բան էր մրմնջալով խնդրում. «Գյավուրի աղջիկ, տղիս չանիծե՜ս... Գյավուրի աղջիկ, տղիս չանիծե՜ս... Գյավուրի աղջիկ, տղիս չանիծե՜ս... Ես արել եմ, դու մի՛ արա»:
Եվ մինչև մայրս չասաց, որ ինքը անիծող բերան չունի, չթողեց գյուղից դուրս գանք:
Մարդակեր դարն էր սկսվում, աշխարհն էլ չարանում էր մարդկանց նման...
Հիմա այս պատմություններից սրտի լարերը բարակած ու երևի մի քանի կաթիլ արցունք թափած ընթերցողը հարց կտա ինձ, թե ի՞նչ կապ ունի մեր ազգի այս դառնահամ պատմությունը սուրբ Երուսաղեմի հետ։ Ասեմ՝ ամենաուղիղ, ու այն էլ երկնային կապ: Եթե չլիներ մեր հավատի սուրբ փարոսը, մենք էլ էինք դառնալու մեզ թշնամի այդ ազգերից մեկի մասնիկը, և ի վերջո մահվան բույր շնչող մեր հոգիները գեհենի կրակի բորբոքված կայծի էին վերածվելու, քանզի Աստծո Սուրբին՝ Իր Միածնին մերժած կլինեինք:
Երրորդ վկայությունն էլի եղեռնապատումի համ ունի, որն արդեն մոտ մեկ դար է կսկծացնում է հայի հոգին, մինչև ամեն բան ճշմարիտ լույսի տակ կբերվի, ու ամեն ոք ըստ իր արարքի կհատուցվի Արդար Դատավորի կողմից: Իսկ պատմությունն այս է. «Հայրս մեծահարուստ քեռիներիս միջոցով, բառիս բուն իմաստով, իր կշռով մեկ ոսկով փրկագնվելով թուրքերից, որբանոց տեղափոխվեց: Այնտեղ կոշկակարության արհեստ սովորելով դուրս է գալիս, իր նման մի որբի հետ ամուսնանալով ընտանիք կազմում և շատ չանցած Բեյրութ է տեղափոխվում: Իսկ քառասունական թվականներին, երբ սկսվում են քաղաքի ռմբակոծությունները, վախից մորս արյունը ջուր է դառնում (սպիտակարյունություն): Քեռիս, որ շատ էր սիրում մորս, իմանում է այդ մասին, ձիերով ու էշերով գալիս է Բեյրութ ու մեր ընտանիքը Երուսաղեմ է տանում: Այնտեղ Աստված մի կնոջ միջոցով հրաշքով բժշկում է մորս: Հայրս, որ նույնպես տեղափոխվել էր Երուսաղեմ, շուտով ինքն է ծանր հիվանդանում: Հիվանդանոց պառկած հորս երկար ժամանակ փորձում էին բժշկել, բայց ապարդյուն: Բժիշկները գանգրենա (փտախտ) կասկածելով, ուզում են ոտքը կտրել: Այդ օրերին մայրս քիչ-քիչ ծախսում էր մեր ունեցած փոքրիկ դրամագլուխը, որը շուտով սպառվում է, ու մնում է վերջին մի քանի դրամը: Այդ էլ բարձի տակ դնելով, աղոթում է, որ Աստված իրենց անօգնական չթողնի: Եվ հրաշք է կատարվում: Ամեն օր, ինչքան որ բարձի տակ է դնում, այդքան գումար է ծախսում, իսկ հաջորդ առավոտ նույնքան գումար նորից հայտնվում է բարձի տակ: Այսպես մի քանի ամիս անցնելուց հետո, ամուսինը հարցնում է, թե այդ ինչպե՞ս է, որ այդքան ժամանակ փողը չի վերջանում: Մայրս խորագիտաբար չի ասում պատճառը, որովհետև լավ գիտեր, որ դրանից հետո հրաշքը պիտի դադարեր: Եվ երբ հայրս ստիպում է ասել, այդ ժամանակ մայրս բացում է գաղտնիքը. և հաջորդ առավոտ բարձի տակ դատարկ էր: Բայց Աստված երբ մի դուռ փակում է, ապա մեկ ուրիշն է բացում: Որտեղից որտեղ մի հրեա բժիշկ է մեջտեղ գալիս ու խոստանում է ձրի բժշկել հորս, ու ամեն ջանք դնելով` մի քանի ամսում ոտքի է կանգնեցնում հորս: Այդ հրաշքից հետո հայրս ուխտ է անում գնալ Հայոց սուրբ Հակոբյանց մայրավանք ու երեք տարի անվճար աշխատել այնտեղ: Եղիշե պատրիարքն իմանալով այդ մասին, մեր արդեն բազմանդամ ընտանիքի համար մի սենյակ է առանձնացնում վանքում, և սննդի համար վանականների կերակուրից բաժին հանում: Հայրս էլ երեք տարի ժառանգավորաց սաների համար կոշիկներ է կարում, իսկ ազատ ժամանակ էլ սուրբ Հրեշտակապետաց եկեղեցու միանձնուհիների համար կերակուր էր տանում ճաշարանից: Ես էլ իր հետ երբեմն գնում էի այնտեղ, տեսնում ու լսում էի այդ հրեշտականման արարածներին, մանավանդ 103 տարեկան մայրապետին: Նա կարճահասակ ու դեռ երբեմնի գեղեցկությունը պահած զառամյալ կին էր, որն ուխտավորների համար պղնձե հսկայական ղազանով (կաթսայով) բլղուր էր եփում: Մի անգամ, երբ վանքի ապրուստը պակասեց, իսկ ուխտավորները շատացան, իմ աչքի առաջ այդ մայրապետը ղազանը օջախի վրա դնել տվեց, մի շերեփ յուղ լցրեց, մի քիչ աղ, լիքը ջուր ավելացրեց ու ընդամենը վերջին մի բուռ բլղուրի ձավարը, ու ղազանի վրա խաչակնքելով սկսեց աղոթել ու փայտե շերեփով խառնել: Եվ ես իմ սեփական աչքերով տեսա, թե ինչպես է այդ մի բուռ բլղուրն աճում-շատանում, Ավետարանի այն գրվածքի նման, երբ Հիսուսը մի քանի նկանակ հացը բազմացնելով հինգ հազարից ավելի մարդու կերակրեց: Չանցած մի քանի ժամ ղազանով մեկ լիքը, համեղ բլղուրը պատրաստ էր, որով կարող էր կերակրվել հարյուրից ավելի ուխտավոր»:
(Եվ թող ընթերցողին չափազանցություն չթվա գրված թիվը, որովհետև այդ հսկայական պղնձե ամանները ինքս եմ տեսել, որոնք մոտ երկու մետր տրամագիծ ու կես մետրից ավելի խորություն ունեին: Իսկ բլղուրը ժամանակին այնքան կարևոր ու հարգի կերակուր էր այստեղ, որ նույնիսկ բլղուրչիներ կոչվող հատուկ ընտանիքներ կային վանքում):
Չորրորդ պատմությունը նույնպես եղեռնից մազապուրծ եղած, այժմ արդեն 90-ն անց մի տատիկի մասին է, որը որբանոցից հետո հայտնվում է Երուսաղեմում և ընտանիք կազմելով ապրում է քրիստոնյային վայել անտրտունջ մի կյանքով: Ասում եմ անտրտունջ, որովհետև տրտնջալու բան ինչքան ասես կա. ամուսինը մահացել է վաղուց, որդին 16 տարեկանում սխալ բժշկական միջամտությունից հետո դարձել է կիսաանդամալույծ, իսկ այն փոքրիկ խուցը, որտեղ ապրում են երկուսով, ո՛չ ջուր կա, ո՛չ սանհանգույց: Կաթող անձրևներից խոնավությունն էլ վրան ավելացրած (ընթերցողը գուցե մտածի, որ գեղարվեստական հնարանք է իմ կողմից, բայց պատկերացրեք, որ մայրավանքում նման անշուք խուց-բնակարաններ մինչև այսօր դեռևս գոյություն ունեն, որոնցից մի քանիսը տեսնելով, մեր նեղվածք թվացող քաղաքային բնակարանները թագավորական պալատներ են թվում): Բայց զարմանալի տոկունությամբ իր խաչը կրող այդ հայուհին, իր խոնարհ ու համեստ կյանքով կարող է յուրաքանչյուր ճգնավորի բարի նախանձը շարժել: Իր հետ խոսելիս, քո իսկ ապրած կուշտ ու կուռ կյանքիցդ ակամա ամոթ ես զգում (և դա նրանից բխող Սուրբ Հոգու լեցունության արդյունքն է), երբ նա առանց գլուխը բարձրացնելու, խոնարհաբար քո հարցերին է փորձում պատասխանել, տատրակի նման նիհարիկ այդ կինը: Զրույցների ժամանակ, նա կարծես ի միջի այլոց, այսինքն` իր անձին ոչինչ չվերագրելով, պատմում է դեպքեր իսրայելա-արաբական 50-ական թվականների պատերազմի ժամանակներից, երբ խեղճ հայերը, որ այդ հակամարտողների մեջտեղի տարածքում էին գտնվում, սաստիկ տուժում էին: Եվ անընդհատ ռմբակոծություններից մի կերպ պատսպարվելու համար, այդ տարիներին ժողովրդին թողել էին, որ սուրբ Հակոբյանց տաճարի ներսում պատսպարվեն, որի պատերի հաստությունը տեղ-տեղ մեկ մետրի է հասնում: Եվ նա պատմում է, թե ինչպես, վերնահարկի խորանում քնած ժամանակ, հանկարծ արթնանում է ուժեղ բամբյունից, որը շատ նման էր պատրիարքների առջևից գնացող ղավազների գավազանի հարվածներին: Եվ երբ զարմացած ներքև է նայում, ապա գլխավոր խորանում լույս է տեսնում, չնայած դեռ գիշերվա ժամը չորսն էր, ու հանկարծ տեսնում է սուրբ Հակոբ եպիսկոպոսապետին, որը դուրս է գալիս խորանի հետևից և պտտվելով առջևով, նորից խորանի հետևն է մտնում: Եվ նա սրտապնդվելով դրանից, որ իրենց պահապան սուրբն արթուն հսկում է մի բուռ հայությանը, հանգիստ քնում է: Առավոտյան նա պատմում է բոլոր սրտաբեկներին իր երազ-տեսիլքը, որոնք ուրախանալով փառաբանում են Աստծուն Իր զարմանալի ողորմությունների համար...
Բայց, կարծում եմ, բավ է, Երուսաղեմի մասին գրելով մեր ազգի ցավոտ վերքերը նորից բացենք, որոնք հազիվ են վիրակապվել ժամանակ կոչվող սպեղանու անտեսանելի փաթթոցներով, մինչև կգա ամեն ինչի համար հատուցման արդար ժամանակը:
Եթե քննելու լինենք Հայոց Երուսաղեմի ողջ պատմությունը, ապա անտեսանելի, բայց մի զորավոր Ձեռքի գոյությունը պիտի տեսնենք, որ հարատև ուղեկցել և հովանի է եղել հայոց փոքր ազգին: Քանզի տարեցտարի, դարից դար տկարացող ու ցամաքող աղբյուրի նմանվող մեր ազգը մեկ էլ հորդահոս բխել է՝ ապացուցելով իր անկորնչելի ու անսպառ ուժի և հարատև ապրելու ընդունակությունը: Երբեմն էլ հայոց ազգը նմանվել է այն կրակին, որն օտար քամիները փորձել են հանգցնել, և կարծես այդ նրանց առժամանակ հաջողվել է, բայց մեկ էլ հայի ոգին առասպելական փյունիկի պես հառնել է մոխրից՝ ի հեճուկս սանդարամետի բոլոր չար զորությունների: Եվ դարձյալ մեր ազգը նմանեցնում եմ այն հունդին, որը հողի մեջ կորած՝ մեռած է թվում, բայց գարնան արևի կանչող զորությանն ընդառաջ գնալով նուրբ մի ծիլի նման, ազգս հայոց ժայռեր փշրող զորությամբ դուրս է գալիս մայր հողից, ազգեր կոտրատող ուժ կրելով իր մեջ: Ասածս հաստատելու համար անաչառ պատմության հինավուրց էջերը բացենք. ո՞ւր են մեզ վրա հոխորտանքով եկող Ասորեստանը, մինչև երկինք հասնող պարիսպներով Բաբելոնը, Չինգիզ խանի օձագալար հորդաները, չարախորհուրդ բուղաներ (Հայաստանում արաբ ոստիկան՝ կուսակալը) ծնող արաբական խալիֆաթը, երկաթե օրենսդրությամբ Հռոմեական կայսրությունը, աշխարհի միտքն իր փիլիսոփայությամբ նրբացնող հելլենիստական Բյուզանդիան, Սիբիրի աքսորավայրերում ազգեր լլկող ու հոշոտող մեծ Պոռնիկը` կարմիր վիշապ Սովետը: Իսկ ազգիս եղեռնական տարիներին հայի արյուն հեղող թրքի յաթաղանն իր իսկ փորը պիտի մտնի, ինչպես որ լինում է հիմա, իր աջ ու ձախ ձեռքերի՝ քրդերի ու չերքեզների հետ, որոնց արյունախում պապերի թրերի վրա դեռ չի չորացել հայ քրիստոնյաների սրբախորհուրդ ճաշակում ստացած արյունը: Եվ այդ տարիների թրքերի աջակից ու խորհրդատու Գերմանիան մեր ազգի հանդեպ արած մահավճիռն իր իսկ վրա ընդունեց, Երկրորդ համաշխարհային պատերազմում կապիտուլյացիայի ենթարկվելով իր հակառակորդներից: Քանզի Աստծո խոսքն է ասում. «Ով փոսը փորեց, ինքն ընկավ մեջը»: Հերթն այդ շնաբարո ցեղերին մեզ վրա քսի տվող թրքերինն է. հավատքով համբերենք՝ այդ օրն էլ կտեսնենք: Բայց մինչ այդ մենք մեզ քրիստոնեավայել պահենք ու մութ վրեժխնդրությամբ չկուրանանք, ինչպես ոմանք են տառապում, այլ ըստ Տիրոջ պատվիրանի՝ թշնամիների համար աղոթք անենք, եթե ծարավ են` ջուր տանք, եթե սոված են, հաց տանք, քանզի վրեժխնդրությունը Աստծունն է, և անմտաբար չհեռացնենք մեր թշնամիների գլխից Տիրոջ բարկության կրակի կայծերը: Եվ անտեսանելի, զորավոր ու նաև ահավոր, Արարչական այդ Ձեռքը, որը դարերի արհավիրքների միջով մեզ պահել ու հասցրել է մինչև այս վերջին ժամանակները, չմերժենք անհուսությամբ, այլ մեր սուրբ նախնիների Քրիստոսաբույր հավատքով ամո՛ւր բռնենք մեզ ապրեցնող սուրբ Խաչի կենարար խարիսխը:
Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
Երուսաղեմի սուրբ Հակոբյանց վարժարանի կրոնի նախկին ուսուցիչ

Դիտվել է՝ 1819

Մեկնաբանություններ